Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Եղեք աստվածավախ եվ հայրենատեր

Եղեք աստվածավախ  եվ հայրենատեր
15.10.2013 | 00:25

(խոսք առ հայրենյաց իշխանություն)

Պարոնա՛յք իշխանավորներ։
Նախ մաքրե՛ք ձեր սրտերն ու հոգիները, քանզի պիղծ սրտով ու անբարո հոգով չեք կարող հպվել ներկայացրածս համակ ճշմարտությանը, ինչպես որ մերկ ձեռքերով շիկացած երկաթին։ Ձեզնից նրանք, ովքեր չունեն սրբություն ու ճշմարտություն, չունեն նաև նրանց հարստությունն ու զորությունը, ուստի և փորձելու են արհամարհել ու պղծել անպղծելին։ Այդ իսկ պատճառով ճշմարտությունն ասում է. «Մի՛ տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները՝ խոզերին» (Մատթ. 7. 6)։ Թերևս ձեզնից շատերի մեջ տարակուսանք առաջացնի և ոմանք էլ կարող են բարձրաձայնել, թե. «Ո՛վ անմիտ հանցագործ, դու ի՞նչ իրավունք ունես ճշմարտության ու սրբության մասին խոսելու»։ Այո՛, ունեմ, քանի որ այս կյանքում ու այս անցավոր աշխարհում փնտրեցի և գտա միակ ճշմարիտ ճանապարհը, որի նախադռնից մինչև վերջնասահմանի դուռը լցված են ողբով, ցավով, տրտմությամբ, վշտով ու անդառնալի կորուստներով։ Եվ այդ ճանապարհի մի մասը ես անցել եմ պատերազմի, հոգեմարտի ու կրակի միջով, ցավից լալով ու կորստի համար անվերջ սգալով, և հիմա ծանր է իմ մեջքի բեռն ու անկրելի, մինչև կհասնեմ վերջնամասի դռանը, քանի որ ասված է. «...ու երբ այդ դռնից ներս մտնի, այնտեղ կգտնի հավիտենական, հրազվարճ ուրախություն, որովհետև թագավորների թագավորը նրան պիտի դիմավորի և սրբի աչքերի արցունքները, պիտի վայր իջեցնի նրա մեջքի բեռն ու ասի. «Հավիտյան հանգստացիր, այս տեղերի արքան դու ես»։ ՈՒ նա հավիտյանս հավիտենից պիտի ուրախանա»։
Նյութապաշտ ու աշխարհասեր իշխանավորներիցդ շատերը Տիրոջ հաստատած պատվիրանների խստության ու ոմանք էլ անհավատության պատճառով հակառակվեցին աստվածային օրենքներին, որի արդյունքում զոհերից մեկը եղա նաև ես, սակայն դրանով իսկ դարձաք իմ բարերարներն ու երախտավորները, և ես, ապավինելով Տիրոջ զորությանը, մշտապես աղոթում եմ ձեր հոգիների փրկության համար։ ՈՒ թերևս այս տողերը, որ բխում են անկեղծ սրտիցս, և մեր բարեպաշտ սրբերի բարեխոսությամբ թող որ ապաշխարանք համարվի, և անճառելի բարի բնությունը ների ձեր բազմաթիվ հանցանքները և ինձ՝ բազմամեղավորիս։
Սինա լեռան վրա Մովսես մարգարեին տրվեցին քարեղեն տախտակների վրա գրված Աստծո տասը օրենքներն ու պատվիրանները։ Դրանցից ութերորդն ասում է. «Մարդ մի՛ սպանիր»։ Եվ ահա հին օրենքում նշված է. «Ով մարդ սպանի, պարտական է դատաստանի»։ Մինչդեռ մեր Տեր Քրիստոսը լրացնում է. «Ով զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի» (Մատթ. Ե. 22)։ ՈՒստի և բարկությունն ավելի մեծ հանցանք է, քան մարդասպանությունը։ Տիրոջ կողմից հաստատված է, որ սպանությունից ավելի ծանր և դաժան հանցանք է համարվում բարկությունը։ Հովհաննեսն ասում է. «Ով իր եղբորն ատում է, մարդասպան է» (Ա. Հովհաննես Գ. 15)։ Ըստ տիրոջ, օրենքն ատելը նույնպես հավասար է մարդասպանության։ Օրենքը մարդկության համար նշում է յոթ մահացու մեղքերը՝ 1. Հպարտություն, 2. Նախանձ, 3. Բարկություն, 4. Ծուլություն, 5. Ագահություն, 6. Որկրամոլություն և 7. Բղջախոհություն։
Երկրային ժամանակի մեջ ձևավորվեց մի կեղծ ճշմարտություն, ինչն էլ ստացել է աշխարհիկ ձեռնադիր օրենքի ձև, ուր սպանությունը դիտվում է որպես միայն նյութաօրգանական միջոցներով ֆիզիկական, մարմնական ոչնչացում։ Հիրավի, օրենքից վախենալով, մարդը չի դիմում այդ միջոցներով սպանության, սակայն մարդը չի վախենում եղբորը չսիրելուց կամ ատելուց, չի վախենում հպարտանալուց, նախանձելուց, բարկանալուց, ծուլանալուց, ագահանալուց, և նույնպես էլ չի վախենում որկրամոլ ու բղջախոհ լինելուց, քանզի աշխարհիկ օրենքով չսիրելու, որկրամոլության ու վերը նշած մահացու մեղքերի համար պատիժ ու դատաստան չեն սահմանվում։ Սակայն Աստծուն է բարկացնում, մինչդեռ խաթարված ու խեղված մարդն Աստծուց վախ չունի։ «Մարդկանց անհիմն մեղադրելը, զրպարտելը, վատաբանելը, աշխատողի վարձը կտրելը, խեղճ ու միամիտ մարդկանց տունը, ապրանքը, արտն ու այգին անիրավությամբ խլելը կամ աղքատներին տևապես ահաբեկչության մեջ պահելով կեղեքելը, նեղություն, ցավ պատճառելը սպանություն են» (Մանուկ Կյուրինցի)։ Հենց այս առումով էլ Հակոբոս առաքյալն ասում է. «ՈՒրեմն այժմ, հպարտներ, լացե՛ք ու ողբացե՛ք այն թշվառությունների համար, որ գալու են ձեր գլխին։ Որովհետև ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, և ձեր արծաթե ոսկին՝ ժանգոտած, և նրանց ժանգը... պիտի ուտի ձեր մարմինը... Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում» (Հակոբոս. Ե 1-6)։
Բարձրյալի հաստատած աստվածային լուսաշող ճշմարտությունը մերժելով՝ դուք ձեզ համար հորինեցիք աշխարհիկ ճշմարտություններ և ձեռնադրելով աստվածամերժ օրենքները՝ հիմք հանդիսացաք նորօրյա կռապաշտության։ Տերն ասաց. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կամ մեկին կատի և մյուսին կսիրի..., չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մատթ. Զ. 24)։ Աշխարհիկ ճշմարտությունից ձեր վիժած օրենքը կես ճշմարտություն է, քանզի օրենքը կիսով չափ սուտ է, և եթե սուտ է, ուրեմն Բելիարինն է ու չար է, ուստի և սուտ է ճշմարտության մյուս կեսը։ Կա այսպիսի կես ճշմարտություն. «Սուտն աստիճան ունի, որովհետև մեկը փոքր սուտ է, ինչպես չորսին հինգ ասելը, իսկ մյուսը մեծ, ինչպես չորսին հազար ասելը»։ Հետևաբար, փոքր սուտն ավելի մոտ է ճշմարտությանը, քան մեծ սուտը կարող էր մոտ լինել։ Մինչդեռ որևէ բան չի կարող մոտ լինել ճշմարտությանը, եթե, իրոք, ամբողջովին ճշմարիտ չէ։ Եվ եթե որևէ բան ամբողջովին ճշմարիտ է, ապա այն միայն համակ էություն է, քանզի համակ ճշմարիտն առավել էություն է, իսկ համակ էությունն ու ճշմարտությունը ինքն Աստվածն է։ Հետևաբար, աշխարհիկ ճշմարտությունն ունայնություն է, իսկ նրանից բխած ձեր օրենքները՝ անհիմն, կեղծ և ստաբան, ուստի և գործադրված մեղք։ Իսկ մեղքը չի կարող միաբանվել սրբության հետ, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Ի՞նչ միաբանություն Քրիստոսի և Բելիարի միջև» (Բ. Կորնթ. Զ 15)։ Աստծո սահմանած բարոյական օրենքներին ենթարկվելու ցանկացած ձախողում` գործով, հոգով կամ մտքով, արդեն կատարված մեղք է, և շատ ավելի ծանր մեղք է Աստծո օրենքների դեմ դրսևորած վերաբերմունքը։
Նյութապաշտ աշխարհն ու նրա կռապաշտ տերերը վիժեցին չարյաց և աստվածամերժ օրենքներ, որոնցով խախտվեցին ոչ միայն Աստծո պատվիրանները, այլև մարդկային աստվածաստեղծ երրորդությունը` մարմինը, միտքն ու հոգին։ Մարմինը տառապեց ռախիտիզմով, միտքը՝ տգիտությամբ, և հոգին՝ պղծությամբ։ Պողոս առաքյալն ասում է. «Որպես իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի... բայց ուրիշն է, որ կառուցում է, սակայն յուրաքանչյուր ոք թող զգույշ լինի, թե ինչպես է կառուցում, որովհետև ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրվում է այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է» ¥Ա. Կորնթ. Գ.10-11¤։ Մարդու սրտի և հոգու մեջ հավատի, բարության, սիրո ու ճշմարտության հիմքը դրվեց, և ոչ ոք չի կարող այս աստվածայինը փոխարինել աշխարհիկ որևէ կիսաճշմարտությամբ։ Սակայն այս հիմքի վրա է, որ պիտի կառուցվի տաճարը մարդու ձեռնադրությամբ, և յուրաքանչյուր ոք զգույշ պիտի լինի իր հոգու կառուցածում։ Պողոս առաքյալը շարունակում է. «Եթե մեկն այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, յուրաքանչյուրի գործը հայտնի կլինի, որովհետև դատաստանի օրը այդ պիտի երևա, քանի որ կրակով հայտնի պիտի լինի և յուրաքանչյուրի գործը, ինչպես որ է, կրակը պիտի փորձի. եթե մեկի կառուցած գործը մնա, նա վարձ պիտի ստանա, և եթե մեկի գործն այրվի, նա պիտի տուժի, թեև ինքը պիտի փրկվի, բայց նման մեկին, որ կարծես կրակի միջով անցած լինի» ¥Ա. Կորնթ. Գ.12-15¤։ Աստված մարդուն տվեց ազատ կամք, և մարդն է որոշում, թե աստվածային հիմքի վրա ոսկով, արծաթով ու արժեքավոր քարերով աստվածասիրության տաճա՞ր կառուցի, թե՞ փայտից, խոտից ու եղեգից մեղքերի բանտ իր հոգու խորքում։ Սակայն աշխարհի վախճանին յուրաքանչյուր կառույց կրակով պիտի անցնի և սիրո ու բարեգործության տաճարի նյութերը կրակի մեջ պիտի պայծառանան, մինչդեռ մեղքերի բանտի նյութերն ու այն կառուցող ու կրող մարդը կրակի մեջ պիտի այրվեն հավիտյան։
Մարդուն, որպես բանական էակի և Աստծո կողմից նրան շնորհված խոհականության միջոցով տրված է շարունակական զարգացման անսահմանափակությունը, ձգտումը դեպի Տերը` որպես բնական ավանդական ձգտում անմահության, որի կարևորագույն հիմքերից մեկն աշխարհաճանաչողությունն է։ Աշխարհաճանաչողության զարգացման մակարդակը պիտի սահմանագծի մարդկային իմացությունների ուղղահայաց և հորիզոնականի ամբողջական օրինաչափությունները։ Մինչդեռ աստվածաճանաչողությունը դուրս է մղված բոլոր սահմանային օրինաչափություններից, ուստի և Տիրոջ տված արդարության, սիրո, բարության ձգտումը մարդու մտքից և կյանքից արմատախիլ է արված, և աշխարհաճանաչողությունը ձևավորվել է հոգու վրա իրականացված հարձակումների առկայության պարագայում։
Մե՛նք` հայերս, որպես Ադամի և Նոյ նահապետի շառավիղ, Թորգոմաց տան որդի Հաբեթյան Հայկ նահապետի ժառանգներ, բնորոշվում ենք որպես մեր անցյալի, ներկայի ու ապագա սերունդների միացյալ, համագոհ ու անզատելի պատմաօրգանական շարունակականության մեկ ամբողջականություն։ Մեր ազգային ու աստվածապաշտության պահպանման պատմահոգեբանական հիմքը Հայկ Նահապետը դրեց մեզնից 4500 տարի առաջ` սկզբնավորելով կռապաշտության ու աստվածամերժության դեմ համայն մարդկության հոգեմարտը։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռքով, 301 թվականին համահայկական և միասնական մկրտությունով առաջինը պետականորեն ընդունեցինք քրիստոնեությունը՝ վերականգնելով անհիշատակելի ժամանակներից դավանած Հայոց միաստվածության ճշմարիտ կրոնը։ Եվ այսօր դո՛ւք, պարոնայք հայոց իշխանավորներ, ձեր կռած օրենքներով ու կռապաշտությամբ, ձեր իսկ կառուցած բաբելոնյան մեղքի բանտի մեջ որպես նոր ժամանակների բռնապետ մի Բել, կանգ եք առել հայոց զայրույթն ու ցասումը իր մեջ կրող Հայկյան վրեժի եռաթև աղեղի առջև։
Ապաշխարե՛ք, պարոնայք իշխանավորներ, մաքրեք ձեր հոգիներն ու սրտերը, քանի դեռ ուշ չէ, վերանայեք ու այրեք աշխարհիկ բոլոր ճշմարտություններն ու իզմերը, հիմնվեք միայն Ամենայն բարձրյալի իմաստության, խրատի, հանճարի և նրա գործակից մտքի՝ ավելի քան 1700-ամյա կոթողներ Հովհաննես Օձնեցու, Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի և մեր սրբերի հեղինակած սրբագույն ու բարեպաշտ հուշարձան մատյանների վրա։ Միայն այս պարագայում է, որ բարոյական ու նյութական շահագործումներից զերծ կվերակազմավորվի Հայոց սրբագույն օրրան ազգային պետությունը որպես Աստվածադիր պետություն, և իր ազգային դավանանքին հարիր և մշակութային լուսապսակ միջավայրում արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով ազատորեն կբարգավաճի մեր ժողովուրդը՝ լինելով աստվածասեր և հայրենատեր ի փառս Տիրոջ։

Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
«ՀՅԴ-Դրո» գործով մահվան դատապարտված

Դիտվել է՝ 1829

Մեկնաբանություններ